՝՝Հայոց Բանակ՛՛ շարադրությունների մրցույթի հովանավորներ՝
ԿԱՅՔՈՒՄ ԸՆԹԱՆՈՒՄ ԵՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ
Показаны сообщения с ярлыком ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ.. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ.. Показать все сообщения

понедельник, 18 августа 2014 г.

Ե՛Վ ԶՈՀ, Ե՛Վ ԶՈՀԱՐԱՐ



Թուրքը համաշխարհային պատերազմի օրենին, իր տկարության սարսափից խթանված՝ հղացավ ծրագիրներից ամենադիվայինը՝  բնաջնջել մի հինավուրց ցեղ, որ դարերով լույս և քրտինք էր սփռել իր շուրջը: 

    Հղացավ և գործադրեց:
    Եվ մի օր, թրքահայության ողջակիզումի առաջին օրը, ծագող արևը Հայաստան երկրի փոխարեն տեսավ մի կատարյալ գեհեն:
   Տեսավ խաչի նսեմ ստվերն ընկած մեր հազարամյա հայրենիքի վրա: Տեսավ, թե ինչպե՛ս մի խավարասեր ազգ  - վախկոտ, բայց հարձակվողական, փոքրոգի և ավերիչ - կհրոսեր մի անզեն ու անպաշտպան ժողովրդի դեմ՝ այն իր պատմական հայրենիքից արմատախլելու խելագառությամբ: Տեսավ, թե ինչպե՛ս կմոխրանային հազարամյա օրհնությամբ լեցուն գյուղերը մեր, կպղծվեին եկեղեցիները, վանքերը, գրադարանները հազա՛ր: Տեսավ խուժդուժ գործը տապարի, յաթաղանի կապարի - ամեն տեսակի և չափի գործիքների, որոնցով սպանել ու ավերել կարելի է:  Այլևս Հայաստանով անցնող գետերը արյուն էին կտրել, իսկ կիրճերը՝ դիակնաստան: Տեսավ, թե ինչպե՛ս իրենց ամուսինների և ծնողների ներկայությամբ կխլվեն ու կբռնաբարավեն կանայք:
    Գործի վրա տեսավ թրքական սանձարձակ շնությունը, որ անասուններին իսկ կգերազանցեր: Տեսավ սարսափից խելագար մեր աղջիկներին, որոնք Եփրատի ալիքները կգրկեին: Տեսավ, թե ինչպե՛ս հայրը հավաքեց ընտանիքն իր հարկի տակ և այրեց ողջ. թե ինչպե՛ս սովահար հայ մանուկները իրենց մորթած մայրերի դիակներին կպած՝ ծիծ կծծեին:
   Արևը տեսավ տուն, տանիք, ճամբաներ՝ արյունով ներկված: Տեսավ բարձրունքների վրա, գետափներին և ձորերի մեջ մահվան հետ կռվի մտած արնաթաթախ հայորդիներ: Տեսավ, թե ինչպե՛ս <<շներն ու շնագայլերը մեր սիրելիների սրտերը կկրծեին>>: Տեսավ իրենց  գողգոթայի ճամբին անասունների պես վաճառքի հանված հայ կանանց ու մանուկներին, և լուսավորեց խաչի ճամբան ծերերի, կաղերի, կույրերի: Տեսա՛վ, հայոց արևը տեսա՛վ այդ ամենը, և խավարեց այդ օրը:

ՑԵ՞Ղ, ԹԷ՞ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԻՒՆ


Կէս դար առաջ, Թրքահայաստանի պայմաններում գոյութեան իրաւունք եւ յաջողութիւն կարող էին ունենալ գերազանցօրէն ազգային շարժումներ - նմաննե՜րը միայն: Աշխարհածանօթ իրողութիւն է, որ հայութիւնը վտանգուած էր ազգովին, եւ կ ակնկալուէր, որ Հայոց յեղափոխութիւնը ծնունդ առնէ մեր վտանգուած Ցեղի խռովքէն ու գործէ ողջ ազգի անունով, ողջ ազգի համար, ազգի բովանդակ ոյժերով: Ցեղօրէն անխաթար ժողովուրդների մէջ ինքնապաշտպանութեան բնազդը ուժեղանում է իրեն սպառնացող վտանգի համեմատութեամբ: Բացարձակ է ե՜ւ հետեւեալ ճշմարտութիւնը. - Վտանգի ժամանակ զանգուածների մէջ երեւան է գալիս ընդհանրականը, ցեղայինը, որի առջեւ տեղի են տալիս անհատականն ու հատուածականը: Ուզում եմ ասել - Ցեղի՜ն է ու Ցեղի՜ց է ինքնապաշտպանութեան բնազդը: Ժողովուրդը Ցեղո՜վ է արթուն, զօրաւոր, ինքնապաշտպանունակ - ահա՜ թէ ինչո՜ւ ֆիզիքական գոյութիւնը վտանգուած, որով եւ՜ ինքնապաշտպանութեան կարօտ հայութեան մէջ երեւան պիտի գային զուտ ցեղա-ազգային կազմակերպութիւններ, եւ ո՜չ թէ քաղաքական կուսակցութիւններ: Միայն խորապէս ցեղա-ազգային յեղափոխութիւնը կարող էր գլուխ հանել դարերով օտար լծերի տակ իր տոհմիկ առաքինութեանց մէջ տկարացած մեր ժողովրդի ազգային ինքնագիտակցութեան վերազարթնումը, միայն դա՜ կարող էր համախմբել ու ակտիւացնել հայութեան ոյժերը - անհրաժեշտ նախապայմանը ազգային ամեն պայքարի յաջողութեան:
Վերածնունդ-յեղափոխութիւն այդպիսի՜ն պիտի լինէր մեր յեղափոխական շարժը: Հայոց շարժումների վարիչները, դժբախտաբար, չեղան ամեն բանից առաջ համահայկականութեան, ցեղային ամենամիութեան, քաղաքական միակրօնութեան (ա՜յն, որ այսօր մենք դաւանում ենք իբրեւ ցեղակրօնութիւն) գաղափարախօսներ: Ազգային կուռ գաղափարախոսության պակասի պատճառով, օտար փոխառիկ գաղափարները եկան խռովելու, շարժելու, բայց ո՜չ եւ յեղափոխելու մեր ժողովուրդը, նա՜խ նրա մտածողութիւնը: Այդ իսկ պատճառով ունեցանք շարժում, աւելի ճիշտը շարժումներ, բայց ո՜չ ազգային վերանորոգիչ յեղափոխութիւն:
* * *