՝՝Հայոց Բանակ՛՛ շարադրությունների մրցույթի հովանավորներ՝
ԿԱՅՔՈՒՄ ԸՆԹԱՆՈՒՄ ԵՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ

понедельник, 18 августа 2014 г.

ԹԵՈԴՈՐՈՍ ՌՇՏՈւՆԻ

ՙԵվ գուցե հայ ազգի ճակատագիրն այլ կերպ ընթանար,
եթե Թեոդորոս Ռշտունու նման քաղաքական
մտածողներ շատ լինեին հայ կառավարող շրջանների մեջ՚։
Լեո

Հայաստանի քրիստոնեացումից հետո հայ ազգի բախտը տնօրինող պետական այրերը` փոխանակ օգտագործելու ազգի կենսական ուժերը, արտաքին հարցերում շատ անգամ են ապավինել օտարին և չարաչար խաբվել նրանից կամ չստեղծելով սեփական ուժ` օտարից են աղերսել դաշնակցում, մոռանալով, որ թույլի հետ չեն դաշնակցում` թույլին օգտագործում են։ Եվ արդյունքը միշտ եղել է հուսալքված ժողովուրդ, ավերված հայրենիք, օտար գերիշխանություն։
Ավելի քիչ են դեպքերը, երբ ազգի համար օրհասական պահերին ի հայտ են եկել անհատներ, որոնք առաջնորդվելով ՙաշխարհը հաշվի Է նստում միայն ուժեղի հետ՚ սկզբունքով` կազմակերպել, ոտքի են հանել Ցեղի բովանդակ ուժերն ու ստիպել թշնամիներին` հաշտվել ինքնիշխան Հայաստանի գոյության հետ։ Այդպիսի աոաջնորդներից Է Թեոդորոս Ռշտունին։
7-րդ դարի առաջին կեսին Մերձավոր Արևելքում տեղի ունեցան ցնցող իրադարձություններ։ Արաբական թերակղզում բնակվող արաբ քոչվոր ցեղերը միավորվեցին Մահմեդի վարդապետության շուրջ և ստեղծելով Արաբական Խալիֆաթը` անցան արտաքին նվաճումների։ Կարճ ժամանակամիջոցում Բյուզանդիայից նվաճելով մի շարք տարածքներ և կործանելով Սասանյան Պարսկաստանը 630-ական թվականների վերջերին արաբները մոտեցան Հայաստանին, որը կանգնեց մեծ արհավիրքի առջև։ Կրոնադավանաբանական և հողային վեճերի` երկրով մեկ ռազմական ցրվածության պատճառով խիստ թուլացած Հայաստանին սպառնում Էր արաբա-բյուզանդական պատերազմների թատերաբեմի վերածվելու բախտը։ Պետք է նշել, որ Հայաստանի մեծագույն մասը գտնվում Էր Բյուզանդիայի տիրապետության տակ, իսկ Պարսկաստանի կործանումից հետո, նրա տիրապետության տակ գտնվող Հայաստանի արևելյան մասը հայտնվել Էր անորոշ վիճակում։ Հարկավոր Էր կազմակերպչական և դիվանագիտական մեծ ընդունակությունների տեր մի առաջնորդ, որը երկիրը դուրս բերեր ծանր կացությունից։ Այդ առաջնորդը եղավ Թեոդորոս Ռշտունին։

Թեոդորոս Ռշտունին մեծացել և իր դաստիարակությունը ստացել Էր պարսից արքունիքում։ Պարսից արքայի կողմից նա նշանակվել Էր մարզպանական Հայաստանի սպարապետ, իսկ ավելի ուշ վարել` նաև մարզպանի պաշտոնը։ Սասանյան Պարսկաստանի կործանումից հետո նա ձեռքում կենտրոնացնում է Արևելյան Հայաստանի իշխանությունը` արագորեն ձեռնամուխ լինելով երկրի ամրապնդման գործին։ Լավ հասկանալով, որ օտար արշավանքների դեմ հաջող պաշտպանվելու համար անհրաժեշտ Է միավորել երկրի ցաքուցրիվ ուժերը, Թեոդորոս Ռշտունին տենդագին գործունեություն Է ծավալում Հայաստանի երկու մասերի միավորման ուղղությամբ, որը նրան հաջողվում է։ 639թ. միավորված Հայաստանը Ռշտունու գլխավորությամբ հռչակեց իր ինքնուրույնությունը։ Հայոց իշխանն ըմբռնում էր, որ առանց իրական ուժի Հայաստանի ինքնուրույնությունը երկար չի կարող շարունակվել, ուստի մեծ թափով սկսեց երկրի խարխլված պաշտպանական համակարգի վերականգնման գործը։ Ամրացվում են Հայաստանի բերդերը, մարտական կարգի է բերվում հայոց այրուձին, որի թիվը հասցվում Է 15 հազար մարդու։ Երկրով մեկ ցրված զորքերը համախմբվում են Թեոդորոս Ռշտունու իշխանության ներքո։ Նրա, որպես հայոց անկախության գործին նվիրված եռանդուն գործչի այս գործունեությունը, ինչպես նկատում Է Մ. Աբեղյանը, հետագայում արտացոլվել Է ՙՍասնա ծռեր՚ ազգային Էպոսում` հանձինս Քեռի Թորոսի և իշխան Թևաթորոսի։ Նրա եռանդուն, անհանգիստ բնավորությունն են ցույց տալիս էպոսի հետևյալ տողերը.
Ու հարցուցին, թե.- Թևաթորոս տա՜նն է.
Ասին. - Թևաթորոս գնացեր է Վան։ 
Ագրատգահ գնացին Վան ու հարցուցին.- Թևաթորոս հո՞դ է:
Ասին.- ՉԷ, բերդի հիմ թալեց, իր հաց կերավ, գնաց Արզրում։
Ու հարցուցին էնտեղ.- Թևաթորոս հո՞դ է:
Ասին.- Բերդի հիմ թալեց, կեսօր կերավ ու գնաց Կարս։
Գնացին ի Կարս։ - Թևաթորոս հո՞դէ։
Ասին.- Բերդի հիմ թալեց, հրամեն կերավ ու գնաց բերդ Մանաձկերտ։
Այստեղ նկարագրված Թևաթորոսի կյանքի մեկ օրվա մեջ արտացոլված է Ռշտունու կյանքի ողջ գործունեությունը։ Թևաթորոս բառն էլ թևավոր (արագաշարժ) Թորոս իմաստն ունի։ Ուշագրավ է Ռշտունուն բնութագրող էպոսի մեկ այլ հատված ևս, որտեղ Քեռի Թորոսը ծեծել է տալիս Դավթին գայթակղել և Սասունից հեռացնել ցանկացող գուսաններին։ Հայերը պետք է ապրեն Հայաստանում և ծառայեն Հայաստանին: Ահա՜, Քեռի Թորոսի սկզբունքը, որով էլ ողջ կյանքում առաջնորդվել է Թեոդորոս Ռշտունին։ Հայոց իշխանի այս ջանքերի շնորհիվ Հայաստանը բավականաչափ զորեղանում է, և Բյուզանդիայի կայսրն այլևս չկարողանալով հաշվի չնստել Թեոդորոս Ռշտունու հետ` նրան շնորհում է պատրիկի տիտղոս և ճանաչում Հայաստանի կառավարիչ իշխան։
640թ. գարնանը արաբներն առաջին անգամ մտան Հայաստան։ Արագորեն առաջ շարժվելով և կողոպտելով բնակավայրերը` նրանք մտան Դվին և հարուստ ավարով կրկին ետ քաշվեցին երկրից։ Ռշտունին, որ չկարողացավ դիմակայել արաբների հուժկու և անսպասելի ներխուժումին` փութաջան կերպով պատրաստվեց դիմագրավելու նրանց հետագա հարձակումները։ Երբ արաբները երկրորդ անգամ (643-646թթ.) մտան Հայաստան` Կոգովիտ գավառում Ռշտունու զորքերը մեծ ջարդ տվեցին նրանց և դուրս շպրտեցին երկրից։ Դրանից հետո Ռշտունին իր ուշադրությունը կրկին սևեռեց Հայաստանի ներքին կյանքի վրա։ Ազգային առաջնայնության դիրքերից էր շարժվում հայոց իշխանը նաև եկեղեցուն վերաբերվող հարցերում։ 648թ. Դվինի ժողովը նրա գլխավորությամբ մերժեց բյուզանդական կայսրի ՙդավանական միության՚ առաջարկը։ Ռշտունու հարկադրմամբ անգամ քաղկեդոնիկ եկեղեցականները դրական պատասխան չտվեցին կայսրին` դրանով երկիրը երկպառակություններից զերծ պահելով։ Գազազած Բյուզանդիայի դեմն առնելու նպատակով Թեոդորոս Ռշտունին դաշնակցելու առաջարկ արեց արաբներին։ Ուժեղին հարգում են, հաղթողի հետ պատրաստ են դաշնակցելու բոլորը, և 652թ. հայոց իշխանն ու արաբ կառավարիչ Մուավիան կնքեցին դաշնակցային պայմանագիր: Արաբներն ու հայերը պարտավորվեցին պատերազմների դեպքում փոխադարձաբար օգնել միմյանց, Հայաստանը պահպանեց ինքնուրույնությունն ու զինական ուժը և միայն ձևականորեն ճանաչեց արաբների գերադաս իշխանությունը։ Դրանից հետո նա արաբ յոթ հազարանոց զորաբանակի օգնությամբ ջարդեց Հայաստան ներխուժած բյուզանդական զորքին և երկիրը մաքրեց նրանցից։ Սակայն, երբ Թեոդորոս Ռշտունին հիվանդության պատճառով քաշվում է Աղթամար կղզին և ժամանակաորապես հետ կանգնում պետական գործերից` կրկին գլուխ են բարձրացնում կենտրոնախույս ուժերը։ Հայ նախարարների խորհուրդը որոշում է Հայաստանը, որը Ռշտունին կարողացել էր միավորել միայն գերմարդկային ջանքերի շնորհիվ, բաժանել նախարարական տների միջև։ Դա, փաստորեն, ընդվզում էր Ռշտունու վարած քաղաքականության դեմ։ Առիթից օգտվում են արաբները, որոնք նախարարներին հնազանդեցնելու պատրվակով մտնելով Հայաստան` հրի ու սրի են մատնում երկիրը և նախարարական տներից պատանդներ վերցնելով` հեռանում։ Թեոդորոս Ռշտունին ինքնակամ միանալով պատանդներին գնում է Դամասկոս` նրանց ետ վերադարծնելու և հայ-արաբական պայմանագիրը վերանորոգելու նպատակով։ Սակայն, 654թ. Դամասկոսում կնքում է իր մահկանացուն։
Այսպիսին էր Թեոդորոս Ռշտունու կյանքն ու գործը։ Նա մեկն էր այն քչերից, որոնց մեջ հավասարապես տեղ են գտել և՜ զորավարի տաղանդը, և՜ պետական գործչի կազմակերպչական ու դիվանագիտական ընդունակությունները։ Թեոդորոս Ռշտունու գործունեության ամենաուշագրավ դրվագներից մեկը 652թ. հայ-արաբական պայմանագիրն էր։ Ի տարբերություն պետական բազմաթիվ այլ գործիչների, որոնք դիվանագիտական հարցերում մեծ տուրք էին տալիս կրոնակցությանը` Ռշտունին առաջնորդվում էր բանականությամբ։ Հայաստանի համար այդ բախտորոշ շրջանում կարողանալով ճիշտ կողմնորոշվել` նա գնաց մահմեդական արաբների հետ դաշնակցության` ընդդեմ քրիստոնյա Բյուզանդիայի։ Իհարկե, նրա այդ քաղաքականությունը չէր կարող դուր գալ կենտրոնախույս նախարարներին և եկեղեցուն։ Սակայն, նա չսխալվեց։ Թեպետ կարճ տևեց Հայաստանի ինքնուրույնությունը, բայց այդ ընթացքում երկիրը կարողացավ ի մի բերել իր ներքն ուժերը` հետագայի փորձություններին դիմակայելու համար։ Չպետք է մոռանալ նաև, որ այդ դաշինքն արդյունք Էր այն համառ ինքնապաշտպանության, որ Ռշտունու գլխավորությամբ մղեց Հայ ազգը հանուն իր ինքնուրույնության։ Ուժն Է ծնում իրավունք` Ռշտունին իր վարքով ապացուցեց հայ բազմաթիվ գործիչների կողմից չգիտակցված այս ճշմարտությունը։
Հայ ազգը չմոռանալով իր սիրելի սպարապետին` նրան տեղ հատկացրեց իր Էպոսում։ Ուշագրավ է, որ ՙՍասնա ծռերի՚ Քեռի Թորոսն անմահ է` նա Սանասարի ու Բաղդասարի քեռին Է, մեռնում են նրանք, նա Մեծ Մհերի քեռին Է, մեռնում Է և սա, բայց նա կրկին մնում է քեռին Դավթի ու Փոքր Մհերի, հավերժական պաշտպանն ու դաստիարակը Սանա ծռերի։ Ռշտունու ոգին դարեդար ապրում Է Հայոց աշխարհում։

Գևորգ Հովհաննիսյան
ՙՀանրապետական՚, 1995, հունվար, թ. 1:

Комментариев нет:

Отправить комментарий