Դուսական բանակի գեներալ-լեյտենանտ (17.03.1863թ.)
Ռուսական բանակի գեներալ-համհարզ (30.08.1865թ.)
Ռուսական բանակի հեծելազորի գեներալ (30.08.1875թ.)
Ռուսաստանի Պետական խորհրդի անդամ (1879թ.)
Կովկասի փոխարքայի պաշտոնակատար (1880թ.)
Ռուսաստանի դիկտատոր (1880-1881թթ-ին)
Ռուսաստանի ներքին գործերի նախարար (1881թ-ին)
Միքայել Տարիելի Լոռիս-Մելիքովը (ծն. 21.10.1824թ., Թիֆլիս - 12.12.1888թ., Ֆրանսիա, Նիցցա, թաղված է Թիֆլիսի Ս. Գևորգ եկեղեցու բակում) Ռուսաստանի պետական, ռազմական ու դիվանագիտական ականավոր գործիչ է, հայ-գրիգորյանական, Ռուսաստանի գիտությունների կայսերական ակադեմիայի ակադեմիկոս (1880թ.): Արժանացել է Ռուսաստանի բարձրագույն Սուրբ Անդրեյ Նախավկայի շքանշանի (01.11.1880թ.): Սերում է Լոռիս-Մելիքյանների ազնվական տոհմից: Սովորել է Մոսկվայի Լազարյան ճեմարանում և Պետերբուրգի հեծելազորային յունկերների դպրոցում: Զինվորական ծառայությունն սկսել է 1845 թվականին Կովկասում, որտեղ ընդհանուր առմամբ ծառայել է 32 տարի: 1852 թ-ին, 27 տարեկան հասակում արժանացել է գնդապետի, 1856 թ-ի օգոստոսի 4-ին՝ 31 տարեկան հասակում՝ գեներալ-մայորի աստիճանի: Մասնակցել է Շամիլի գլխավորած լեռնականների դեմ ռազմական գործողություններին: 1853-1856 թթ. Ղրիմի պատերազմի ժամանակ հեծելազորի ջոկատի հրամանատար էր, աչքի է ընկել մի շարք մարտերում: 1860-1873 թթ-ին եղել է Հարավային Դաղստանի զինվորական պետ և Դերբենդի քաղաքապետ, Թերեքի մարզի պետ: 1877 թ-ին նշանակվել է Կովկասյան բանակի առանձին կորպուսի հրամանատար և մասնակցել ռուս-թուրքական պատերազմին: Գլխավորել է Արդահանի գրոհը և գրավումը, Ալաջայի բարձրունքներում ջախջախել է Մուխթար փաշայի զորքերին, գրավել Կարսը: Պատերազմի արդյունքում Ռուսաստանին է միացվել 17 հազար քառակուսի մետր տարածք: 1879 թ-ին նշանակվել է Աստրախանի, Սարատովի, Սամարայի և Խարկովի ժամանակավոր պաշտոնակատար: 1880 թ-ի փետրվարի 12-ին նշանակվել է Ռուսաստանի կայսրության Գերագույն կարգադրիչ հանձնաժողովի նախագահ՝ դիկտատորի լիազորություններով: Նախապատրաստել է Ռուսաստանի կայսեր իրավունքները սահմանափակող ռեֆորմի նախագիծ, որով Ռուսաստանը վերածվելու էր սահմանադրական միապետության: Մանիֆեստի հրատարակության նախօրյակին՝ 1881 թ-ի մարտի 1-ին Ռուսաստանի կայսր Ալեքսանդր 2-րդը սպանվել է: Նոր կայսրը հրաժարվել է ռեֆորմից և վերացրել է կարգադրիչ հանձնաժողովը: Հանձնաժողովի վերացումից հետո Լոռիս-Մելիքովը նշանակվել է Ռուսաստանի ներքին գործերի նախարար: 1881 թ-ին պաշտոնաթող է եղել: